Բյուզանդա-պարսկական պատերազմ (602-628)
Բյուզանդա-սասանյան պատերազմ (602-628 թթ.) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բյուզանդա-սասանյան պատերազմներ | |||||||||||
Մարտ բյուզանդական և պարսկական բանակների միջև, 15-րդ դար | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Բյուզանդական կայսրություն | Սասանյան Պարսկաստան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Փոկաս, Ֆիլիպիկուս, Գերմանուս †, Հերակլիոս Ա |
Խոսրով Բ Փարվեզ, Շահրբարազ, Շահին, Շահրապլական, Ռահզադհ † |
Բյուզանդա-սասանյան պատերազմ 602-628, վերջին և ամենաքայքայիչ պատերազմն էր Բյուզանդական կայսրության (Արևելահռոմեական կայսրություն) և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու կայսրությունների միջև տեղի ունեցած վերջին պատերազմը տևել էր մոտ 20 տարի և ավարտվել 591 թվականին, երբ բյուզանդական կայսր Մորիկը օգնեց Խոսրով II Սասանյանին գահ բարձրանալ։ 602 թվականին Մորիկը սպանվեց ապագա կայսր Փոկասի կողմից հեղաշրջման արդյունքում։ Խոսրովը, պատճառաբանելով իր դաշնակցի սպանությունը, պատերազմ հայտարարեց Բյուզանդական կայսրությանը։ Պատերազմը շարունակվեց շուրջ 3 տասնամյակ և ընդգրկեց գրեթե ողջ Մերձավոր Արևելքը. ռազմական գործողությունները տեղի էին ունենում Փոքր Ասիայում, Եգիպտոսում Լևանտում, Միջագետքում, Կովկասում, Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ Կոստանդնուպոլսի պատերի մերձակայքում։
Չնայած պատերազմի առաջին փուլում (602-622) պարսիկներին հաջողվեց համեմատաբր հեշտությամբ գրավել Լևանտը, Եգիպտոսը, Հայկական լեռնաշխարհի մեծ մասը և Փոքր Ասիայի որոշ հատվածներ, հայազգի կայսր Հերակլիոսի գահ բարձրանալը 610 թվականին վերջիվերջո բերեց պարսիկների պարտությանը։ Հերակլիոսի արշավանքները բուն պարսկական տարածքներ ստիպեց վերջիններիս անցել պաշտպանության, իսկ Արևելահռոմեական կայսրությանը ազատ շունչ քաշել։ Դաշինք կնքելով Բալկանյան թերակղզում բնակվող ավարների հետ, պարսիկները պաշարեցին Կոստանդնուպոլիսը 626 թվականին, սակայն քաղաքի ուժեղ դիմադրությունը, նավատորմի և դաշնակիցների միջև համագործակցության բացակայությունը խափանեցին պարսիկների ծրագրերը։ 627 թվականին Հերակլիոսը հասավ գրեթե մինչև Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որը ստպեց պարսիկներին ընդունել միջպատերազմյան սահմանների վերակագնումը։
Պատերազմի վերջում հակամարտող երկու կողմերի տնտեսությունը քայքայվել էր, մարդկային ու նյութական միջոցները սպառվել։ Այդ ամենի հետևանքով երկու կայսրությունն էլ խոցելի էին նոր ծնված իսլամով ոգեշնչված արաբական հարձակումներին։ Արաբներին հաջողվեց մի տասնամյակի ընթացքում գրավել ողջ Սասանյան Պարսկաստանը և Բյուզանդական կայսրության կեսը, այդ թվում Եգիպտոսը, Փոքր Ասիայի մի մասը, Հռոմեական Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, հյուսիսային Աֆրիկան։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնամյակներ տևած պատերազմի արդյունքում բյուզանդացի կայսր Մորիկը, օգնելով Խոսրովին գահ բարձրանալ Պարսկաստանում և հաղթել ապստամբ Վահրամ Չոբինին, վերականգնեց հաշտությունը։ Օգնության դիմաց Մորիկը ստացավ տարածքներ հյուսիսարևելյան Միջագետքում, Պարսկահայաստանում և Վիրքում[1][2][3]։ Պակաս կարևոր չէր այն փաստը, որ Բյուզանդական կայսրությունը Սասանյան Իրանին այլևս չէր վճարելու Ճորա Պահակի պաշտպանության հարկը։ Պատերազմի ավարտից հետո Մորիկը սկսեց նոր արշավանքներ Բալկաններում, որպեսզի դուրս մղի ներխուժած ավարներին և սլավոններին[4][5]։
Հռոմեական կայսր Տիբերիոսի արշավանքները դատարկել էին Հուստինոս II-ի ժամանակներից մնացած գանձարանը[6][7][8]։ Գանձարանը ևս մեկ անգամ լցնելու նպատակով Մորիկը խստացրեց հարկահավաքությունը և կրճատեց զինվորների աշխատավարձը, որը բերեց 4 խռովությունների[9]։ Չնայած ռազմական հաջողություններին 602 թվականին տեղի ունեցավ ևս մեկ խռովություն, որը տեղի ունեցավ այն պատճառով, որ Մորիկը հրամայել էի բանակին ձմեռել Դանուբ գետի մյուս ափին՝ ավարների թշնամական տարածքում[10][11] Բանակը հայտարարեց թրակիացի ցենտուրիոն Փոկասին նոր կայսր և շարժվեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիս[1][11][12]։ Մորիկը փորձեց պաշտպանել քաղաքը զինելով կանաչ և կապույտ խմբակցություններին, ովքեր Հիպոդրոմի ձիարշավային մրցավազքի երկու խոշորագույն երկրպագուների խմբերն էին։ Սակայն այս քայլը հաջողությամբ չպսակվեց և քաղաքն ընկավ ապստամբների ձեռքը։ Մորիկը փախավ, սակայն շուտով բռնվեց և սպանվեց Փոկասի զինվորների ձեռքով[11][13][14][15]։
Հակամարտության սկզիբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիկի սպանությունից հետո հռոմեական Միջագետք նահանգի կառավարիչ Նարսեսը ապստամբեց Փոկասի դեմ և գրավեց նահանգի գլխավոր քաղաք Եդեսիան[16] Փոկասը հրամայեց իր զորավար Գերմանուսին պաշարել Եդեսիան, որը դրդեց Նարսեսին օգնություն խնդրել պարսիկներից։ Խոսրով Սասանյանը, պատճառաբանելով իր «ընկեր և հայր» Մորիկի սպանությունը, ուրախությամբ համաձայնվեց պատերազմ սկսել Բյուզանդական կայսրության դեմ[17][18]։
Շուտով Գերմանուսը սպանվեց պարսիկների հետ կռիվներում։ Փոկասի կողմից ուղարկված մյուս բանակը ևս ջախջախվեց վերին Միջագետքի Դարա բերդաքաղաքի մոտակայքում։ Հաղթանակի շնորհիվ պարիսկները կարողացան գրավել այդ կարևորագույն պաշտպանական կետը, որը անպաշտպան թողեց ողջ Սիրիան և Միջագետքը։ Նարսեսին հաջողվեց խուսափել Փոկասի կողմնակիցների կողմից գերի ընկնելուց[19], սակայն երբ նա, տեսնելով պարսակակն վտանգը, որոշեց ետ վերադառնալ Կոստանդնուպոլիս և հաշտվել կասրի հետ, Փոկասը բռնել տվեց նրան և ողջ-ողջ այրեց։ Լավագույն հրամանատարներից մեկը համարվող Նարսեսի մահը և մի շարք պարտությունները պարսիկներից, գցեցին Փոկասի հեղինակությունը ժողովրդի շրջանում[19][20]
Հերակլիոսի ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]608 թվականին Աֆրիկայի էկզարխատի երկսարքոս Հերակլիոս Ավագը ապստամբեց Փոկասի դեմ[20][21]։ Հերկալիոս Ավագն ու իր տղան՝ Հերակլիոսը հայտարարեցին իրենց կոնսուլներ և սկսեցին մետադրամ հատել իրենց դեմքերով[22]։
Միևնույն ժամանակ ապստամբություններ բարձրացվեցին Սիրիայում և Պաղեստինում։ Իրավիճակը լարված էր հատկապես Անտիոքում։ Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ կռիվներում ներգրավված էին հրեաները, չնայած պարզ չէ արդյոք նրան կազմում էին որևէ խմբակցության անդամ, թե հանդես էին գալիս որպես քրիստոնյաների հակառակորդներ[23][24]։ Շուտով Փոկասի կողմից ուղարկված նոր արևելքի կոմսը (լատին․՝ comes Orientis) կանգնեցրեց անկարգությունները և պատժեց դրանցում մասնակցելու համար երկրպագուների կանաչ խմբավորմանը[23]։
Հերակլիոս Ավագը ուղարկեց իր զարմիկ Նիկետասին գրավելու Եգիպտոսը։ Արևելքի կոմսը ևս շարժվեց Եգիպտոս, սակայն պարտվեց Ալեքսանդրիայի մոտակայքում[23]։ 610 թվականին Նիկետասը գրավեց Եգիպտոսը և օգնեց Հովհաննես Ողորմածին դառնալ Ալեքսանդրիայի պատրիարք[25][26][27][28][29]։
Ապստամբների հիմնական ուժը կրտսեր Հերակլիոսի գլխավորությամբ ծովային ուղով շարժվեցին դեպի Կոստանդնուպոլիս։ Արդեն որոշված էր, որ հաջող հեղաշրջման դեպքում Հերակլիոս կրտսերը կհռչակվի կայսր։ Քաղաքը ընկավ դավաճանության պատճառով և Փոկասը բռնվեց Հերակլիոսի զինվորների կողմից[30]։ Պահպանվել է մահապատժից առաջ Փոկասի և Հերակլիոսի միջև խոսակցությունը.
«Արդյոք այսպե՞ս ես կառավարել կայսրությունը» - հարցնում է Հերակլիոսը
Փոկասը պատասխանում է. «Իսկ դու այն ավելի լավ կկարողանա՞ս կառավարել»[31] |
Հերակլիոս Ավագը շուտով անհետանում է արձանագրություններից. ենթադրվոմ է, որ նա արդեն մահացել էր, սակայն մահվան ստույգ թվականը հայտնի չէ[32]։
Փոկասի սպանությունից հետո, 35 ամյա Հերակլիոսը ամուսնացավ իր զարմուհու՝ Մարտինայի հետ և թագադրվեց Կոստանդնուպոլսի պատրիարքի կողմից։ Կայսր թագարդվելուն պես Հերակլիոսը սկսեց քայլեր կատարել կայսրությունը վերականգնելու նպատակով։ Սակայն նա դեռ ուներ մրցակիցներ. Փոկասի եղբայրը դեռևս իր հրամանատարության տակ ուներ խոշոր զորագունդ, որը գտնվում էր կենտրոնական Փոքր Ասիայում։ Բայց հայ հրամանատար Հուստինոսի կողմից Փոկասի եղբոր սպանության հետևանքով, այս վտանգը վերացավ[26]։ Քանի որ այդ զորագունդը դեռևս չէր վերադարձել իր դիրքերը, պարսիկները շարունակեցին իրենց առաջխաղացումը Փոքր Ասիայում[33]։ Հերակլիոսը, փորձելով մեծացնել եկամուտը և կրճատել ծախսերը, սահմանափակեց Կոստանդնուպոլսի եկեղեցիների անձնակազմի քանակը, քանի որ նրանք ֆինանսավորվում էին պետության կողմից[34]։ Նոր կայսրը օգտագործում էր արարողակարգերը օրինականացնելու իր արքայատոհմը[35] և փորձում էր լինել հնարավորինս չափ արդար մեծացնելու ժողովրդականությունը[36]։
Պարսկական առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսիկները, օգտագործելով քաղաքացիական պատերազմները, շարունակեցին գրավել քաղաքներ Հայաստանում և վերին Միջագետքում[37][38]։ 609 թվականին նրանք գրավեցին Եփրատ գետի մոտակայքում գտնվող Մարդին և Ամիդ քաղաքները։ Կարևորագույն քրիստոնեական քաղաք Եդեսիան ընկավ պարսիկների ձեռքը 610 թվականին[20][38][39][40]։ 609 կամ 610 թվականին հայկական կարևորագույն հենակետ Կարինը (Թեոդոսուպոլիս) հանձնվեց պարսիկներին, ենթադրաբար Մորիկի ավագ որդու հորդորների շնորհիվ[39][41]։ 608 թվականին Սասանյանները ներխուժեցին Փոքր Ասիա և հասան մինչև Քաղկեդոն[17], որը բաժանված էր Կոստանդնուպոլսից միայն Բոսֆորի նեղուցով[25][42]։ Պարսկական նվաճումները կրում էին աստիաճանական բնույթ. Հերակլիոսի գահ բարձրանալու ժամանակ պարիսկները գրավել էին բոլոր հռոմեական քաղաքները, որոնք գտնվում էին Եփրատ գետից արևելք և միայն դրանից հետո սկսել ներխուժումները Կապադովկիա։ Կապադովկիայում պարսիկ հայտնի հրամանատար Շահին Վահմանզադեգանը գրավեց խոշոր քաղաք Կեսարիան[38][39][42]։ Բյուզանդական ուժերն իրենց հերթին պաշարեցին քաղաքը, որտեղ արգելափակվել էր պարսկական զորքը։ Պաշարումը տևեց մոտ մեկ տարի[21][43][44]։
Հերակլիոսի գահ բարձրանալը քիչ բան փոխեց ուժերի հարաբերակցությունում։ Նախապես նա փորձում էր հաշտություն կնքել Սասանյան Պարսկաստանի հետ։ Սակայն անընդհատ հաղթնակող պարսիկները հրաժարվեցին հաշտության առաջարկից, չնայած որ Խոսրովի «բարերար» Մորիկին սպանած Փոկասն արդեն կենդանի չէր[37]։ Համաձայն պատմաբան Ուոլթեր Կայեգիի Սասանյանները ցանկանում էին վերականգնել կամ նույնիսկ գերազանցել Աքեմենյան Պարսկաստանը, սակայն պարսկական փաստաթղթերի բացակայության պայմաններում հնարավոր չէ հստակ հաստատել կամ հերքել այդ պնդումը[37]։
Համաձայն հաստատված կարգերի բյուզանդական կայսրերը անձամբ չէին ղեկավարում զորքը, սակայն Հերակլիոսը ստիպված էր դեմ գնալ այս սովորությանը և միացավ պարսիկների պաշարմանը Կեսարիայում[44]։ Սակայն պարսիկներին հաջողվեց ճեղքել պաշարումը և այրել Կեսարիան[45]։ Հերակլիոսն օգտագործեց այս պարտությունը, որպեսզի հեռացնի Փոկասին ծառայած հրամանատարներին[46] և եղբոր հետ անձամբ վերցնի զորքի հրամանատարությունը։
Պարսիկներն օգտվեցին բյուզանդական հրամանատարների սխալ որոշումներից և հրամանատար Շահրբարազի գլխավորությամբ արշավեցին Սիրիա[47]։ Հերակլիոսը փորձեց կանգնեցնել նրանց առաջխաղացումը Անտիոքի մոտակայքում, սակայն կրեց ջախջախիչ պարտություն։ Այս հաղթանակից հետևանքով պարսիկները գրավեցին և թալանեցին Անտիոքը, սպանեցին պատրիարքին և գերեվարեցին բազմաթիվ բնակիչների։ Չնայած սկզբնական հաջողություններին, բյուզանդացիները Անտիոքի հյուսիսում կրեցին ևս մեկ պարտություն։ Սասանյանները զարգացրին հաջողությունը և գրավեց Տարսոնը և կիլիկյան հովիտը[48]։ Այս ձեռքբերման շնորհիվ պարսիկները կիսեցին կայսրությունը երկու մասի, քանի որ կտրվեց մայրաքաղաքի ցամաքային կապը Սիրիայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Կարթագենի հետ[48]։
Երուսաղեմի գրավումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայում պարսիկներին թույլ դիմադրություն ցույց տրվեց և բնակիչները հիմնականում էին փորձում էին բանակցել պարսիկների հետ[48]։ 613 թվականին պարսիկները մեկը մյուսի հետևից գրավեցին Դամասկոսը, Ապամեան և Հոմսը (Եմեսա)։ Բյուզանդացիները փորձեցին կանգնեցնել պարսիկներին և չնայած սկզբնական պարտության, նրանք կարողացան տանել փոքր հաղթանակ, որում ընդհանուր առմամբ սպանվեց 20,000 մարդ[49]։ Բայց թույլ դիմադրության պայմաններում պարսիկներին և նրանց դաշնակից հրեաներին եռշաբաթյա պաշարումից հետո հաջողվեց գրավել Քրիստոնեության սրբազան քաղաք Երուսաղեմը[50]։ Անտիկ աղբյուրները պնդում են, որ 57,000 - 66,500 բնակիչ սպանվեց տեղում, իսկ 35,000 մարդ, այդ թվում պատրիարքը, գերեվարվեցին[49]։ Բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում Սուրբ Հարության տաճարը, այրվեցին և մեծ քանակությամբ մասունքներ (օրինակ Սուրբ Խաչը) տեղափոխվեցին մայրաքաղաք Տիզբոն։ Բյուզանդական կայսրության բնակիչներն ընդունեցին մասունքների կորուստը որպես Աստծո դժգոհության նշան[31]
Որոշներն այս ամենում մեղադրում էին հրեաներին[51]։ Կան տվյալներ, որ հրեաները օգնել են պարսիկներին որոշ քաղաքների գրավման ժամանակ, սակայն հավանաբար տեղեկությունների մի մասը ուռճացված է[48]։
Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]618 թվականին Շարբարազի զորքը ներխուժեց Եգիպտոս, որը շուրջ 6 դար զերծ էր մնացել թշնամիների հարձակումներից[52] Եգիպտոսի միաբնակ ղպտիները թշնամաբար էին վերաբերվում կայսերական քաղկեդոնական իշխանությանը և առանձնապես ցանկություն չունեին օժանդակելու բյուզանդական զորքին[52][53]։ Մեկամյա պաշարումից հետո Ալեքսանդրիան ընկավ պարսիկների ձեռքը, հավանաբար դավաճանի պատճառով, ով հայտնեց նրանց չօգտագործվող ջրանցքի մասին։ Բյուզանդական զորքերի հրամանատարն ու պատրիարքը փախան Կիպրոս[54]։ Եգիպտոսի կորուստը հուժկու հարված էր կայսրությանը, քանի որ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը ցորենի ողջ հումքը ստանում էր այնտեղից։ Այդ պատճառով 618 թ-ին ցորենի պակասի պատճառով վերացվեց մայրաքաղաքի բնակիչներին անվճար հաց բաժանելու դարավոր սովորույթը[55]։
Փոքր Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքը բյուզանդացիների համար դարձավ էլ ավելի դժգույն, երբ 617 թվականին Քաղկեդոնն ընկավ պարսիկների ձեռքը, որի հետևանքով նրանք երևում էին մայրաքաղաք Կոստանդնուպոլսից[56]։ Հերակլիոսը ևս մեկ անգամ դիմեց պարսիկներին հաշտության խնդրանքով, որը դարձյալ մերժվեց[57][58]։ Չնայած պարսիկների ժամանակավոր նահանջին, նրանք շուտով գրավեցին կարևոր ռազմական հենակետ Անկիրան (ներկայիս Անկարա)։ Ըստ հակասական վկայությունների 622 կամ 623 թվականին պարսիկները ձեռքն ընկավ ծովային կարևոր հանգույց Հռոդոս կղզին[59][60]։ Մայրաքաղաքում վախն այնքան ուժեղ էր, որ Հերակլիոսը մտածում էր տեղափոխել մայրաքաղաքը Կարթագեն, սակայն այդպես էլ չհամարձակվեց դիմել այդ քայլին[55]։
Բյուզանդական վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերահամակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերակլիոսը որոշեց գնալ ծայրահեղ քայլի և վերջին հարձակում գործել[56]։ Այս նպատակով նա որոշեց ձեռնարկել մի շարք քայլեր։ Արդեն 615 թվականին նի հայտ եկավ նոր և ավելի թեթև արծաթե մետաղադրամ, որի վրա բացի կայսեր և նրա որդու պատկերներից, մակագրված էր «Թող Աստված օգնի հռոմեացիներին» (լատին․՝ Deus adiuta Romanis)[61]: Այս քայլը օգնեց կայունացնել բյուզանդական տնտեսությունը։
Հերակլիոսը կիսով կրճատեց պաշտոնյաների վճարները, բարձրացրեց հարկերը և կաշառակեր պաշտոնյաներից ծանր հարկեր սկսեց գանձել[62]։ Եկեղեցին կոչով դիմեց բոլոր քրիստոնյաներին միանալու բանակին և համաձայնվեց հալեցնել տաճարների (նույնիսկ Սուրբ Սոֆիայի տաճարի) ոսկին և արծաթը և փոխանցել կայսրին[63]։ Այս ռազմական արշավը երբեմն դիտարկվում է որպես առաջին խաչակրաց արշավանք[56][64] Այս քայլերի շնորհիվ հազարավոր կամավորներ զինվեցին և պատրաստվեցին Հերկալիոս կայսեր ղեկավարությամբ փրկել կայսրությունը[56]։
Բյուզանդական հակահարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]622 թվականին Հերակլիոս պատրաստ էր։ Նա թողեց մայրաքաղաքը Զատկի հաջորդ օրը[65]։ Ողջ ամառը նա անցկացրեց մարզելով իր զինվորներին և բարձրացնելով նրանց ռազմական ոգին։ Աշնանը նա արշավեց Կապադովկիա[62]։ Սա ստիպեց պարսիկներին նահանջել Փոքր Ասիայի արևմուտքից, որպեսզի չթողնեն Հերակլիոսին ներխուժել բուն պարսկական տարածքներ[66]։
Շուտով բյուզանդացիները ջախջախիչ պարտության մատնեցին պարսիկներին[67]։ Այս հաղթնակի կարևորագույն գրավականներից էր դարանակալած պարսկական ուժերի բացահայտումը և կեղծ նահանջի մարտավարության կիրառումը[66]։ Այսպիսով Փոքր Ասիան մաքրվեց պարսիկներից։ Սակայն շուտով Հերակլիոսը ստիպված էր թողնել զորքը Պոնտոսում և ետ վերադառնալ մայրաքաղաք, որպեսզի հետ մղի ավարների հարձակումը[62][68]։
Ավարների հարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի դեռ բյուզանդացիները զբաղված էին ետ մղելով պարսիկներին, սլավոններն ու ավարները զբաղեցրել էին Բալկանների մեծ մասը։ Ավարները սկսեցին մուտք գործել Թրակիա և ընդհուպ մոտեցան մայրաքաղաքին։ Սակայն Սալոնիկը գրավելու նրանց բազմաթիվ փորձերը մատնվեցին անհաջողության, որը թույլ տվեց կայսրությանը պահել այդ կարևորագույն քաղաքը[69]։ Բացի դրանից Ադրիատիկ ծովի ափին գտնվող մի քանի քաղաք ևս կարողացան ետ մղել ավարների հարձակումները[70]։
Քանի որ կայսրությանը պետք էր ետ մղել ավարներին, նրանք չէին կարող իրենց թույլ տալ ուղղել բոլոր ուժերը պարսիկների դեմ։ Հերակլիոսն առաջարկեց ավարների կագանին գրավված տարածքները թողնելու դիմաց հարկ վճարել[56]։ Կագանն ի պատասխան խնդրեց անձամբ հանդիպել իրեն։ Հերակլիոսը համաձայնվեց, սակայն բանակցություններն իրականում ծուղակ էին նրա համար և կայսրը դժվարությամբ կարողացավ անվնաս վերադառնալ մայրաքաղաք[71][72]։ Սակայն նրան ուղեկցող պաշտոնյաներն ու նրան տեսնելու եկած 70,000 գյուղացիներն այդքան էլ բախտավոր չէին[73]։ Չնայած այս դավաճանությանը, Հերակլիոսը հաշտություն կնքելու համար ստիպված էր 200,000 սոլիդուս վճարել և որպես պատանդ տալ իր անօրինական տղային և զարմիկին։ Այս քայլերը թույլ տվեցին նրան կենտրոնանալ պարսկական վտանգի վրա[72][74]։
Բյուզանդական հարձակումը Պարսկաստանի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]624 թվականին Հերակլիոսը մեկ փորձ էլ արեց հաշտություն կքնելու, այլապես նա կներխուժեր Պարսկաստան, սակայն Խոսրովը դարձյալ մերժեց[75]։ 624 թվականի մարտի 25-ին Հերակլիոսը թողեց Կոստանդնուպոլիսը և սկսեց արշավանքը դեպի Պարսկաստանի խորքերը։ Նա որոշեց արշավել Հայկական լեռնաշխարհով և Ատրպատականով[62]։ Բյուզանդական զորքի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, սակայն հիմնականում հավանական է, որ Հերակլիոսն իր տրամադրության տակ ուներ 20,000-24,000 զինվոր[76]։ Մինչև Հայկական լեռնաշխարհ մտնելը, կայսրը ազատագրեց կարևոր քաղաք, փոքրասիական Կեսարիան[76]։
Հերակլիոսն արշավում էր Արաքս գետի երկայնքով և գրավեց ու ավերեց Պարսկահայաստանի գլխավոր քաղաք Դվինը և Նախիջևանը։ Գանձակի մոտակայքում բյուզանդական զորքին մարտ տվեց Խոսրովի պարսկական 40,000-անոց զորքը։ Հերակլիոսն, օգտագործելով դաշնակից արաբներին, գերի վերցրեց և սպանեց Խոսրովի պահակախմբի մի քանի անդամի, որը խուճապ առաջացրեց պարսկական բանակում։ Այնուհետև նա կործանեց զրադաշտական հայտնի տաճար Թախտ-ի-Սուլեյմանը[77]։ Հերակլիոսը շարժվեց առաջ և հասավ մինչև Խոսրովի ամառանոցը Ատրպատականում[77]։
Հերակլիոսը ձմեռեց Աղվանքում և համալրեց իր ուժերը տեղացի կամավորներով[78]։ Խոսրովը որոշեց հարձակվել բյուզանդացիների վրա, քանի դեռ նրանք ձմեռում էին և նրանց դեմ ուղարկեց երեք բանակ, որոնց հրամանատարներն էին Շահրբարազը, Շահինը և Շահրապլականը[79]։ Վերջինս ետ գրավեց մի շարք տարածքներ մինչև Սյունիք և մտադրվել էր փակել լեռնանցքերը։ Շահրբարազը պետք է արգելափակեր Հերակլիոսի նահանջը Վիրքով, իսկ Շահինը պետք է հսկեր Բաղեշի անցումը։ Հերակլիոսը մտադրվել էր նրանց առանձին-առանձին ճակատամարտ տալ։ Ըստ որոշ աղբյուրների նա իր լազ, աբխազ և վրաց դաշնակիցներին ասել է.
Մի թողեք, որպեսզի թշնամու քանակը ձեզ անհանգստացնի։ Քանզի, եթե Աստված կամենա, մեկը կհետապնդի տաս հազարին[79]։ |
Երկու, իբր թե դավաճան բյուզանդացի զինվոր ուղարկվեցին Շահրբարազի մոտ, պնդելով թե նրանք փախել են տեսնելով Շահինի զորքի մեծությունը։ Պարսից զորավարների միջև եղած նախանձի պատճառով Շահրբարազը շտապեց առաջինը մարտի բռնվել բյուզանդացիների հետ։ Հերակլիոսը հանդիպեց պարսիկներին Տիգրանկերտի մոտակայքում և առանձին-առանձին ջախջախեց Շահրապլականին և Շահինին[79][80][81]։ Այս հաղթանակից հետո Հերակլիուսն անցավ Արաքսը և վրան խփեց դիմացի ափում։ Երկու պարսիկ զորավարների զորքի մնացորդները միացան Շահրբարազին և սկսեցին հետապնդել Հերակլիոսին, սակայն ճահիճները դանդաղեցնում էին նրանց առաջխաղացումը[80][81]։ Շուտով Շահրբարազը կիսեց ուժերը. մի մասը մնաց իր հետ, իսկ 6,000 հոգու ուղարկեց դարանակալելու Հերակլիոսին։ Հերակլիոսը անսպասելիորեն գիշերային հարձակում գործեց և ոչնչացրեց պարսկական ճամբարը։ Շահրբարազը հազիվ կարողացավ ճողոպրել՝ մերկ և միայնակ[80]։
Հերակլիոսը ձմեռն անցկացրեց Վանա լճից հյուսիս[80]։ 625 թվականին նա փորձեց ետ գնալ դեպի Եփրատ։ Ընդամենը 7 օրում նա անցավ Արարատ լեռը և Արածանիի երկայնքով 200 մղոն, որից հետո ետ գրավեց Տիգրիսի ափին գտնվող Ամիդն ու Մարտիրոպոլիսը[62][82][83]։ Չնայած Շահրբարազը շարունակում էր հետապնդել Հերակլիոսին, վերջինս շարունակում էր իր արշավանքը։ Շուտով տեղի ունեցավ ընդհարում Ադանա քաղաք մոտ[84]։ Շահրբարազը դիրքավորել էր իր ուժերը գետի երկայնքով[62], որի վրա կար կամուրջ։ Բյուզանդացիները միանգամից գրոհեցին։ Պարսիկները փորձեցին կիրառել «կեղծ նահանջի» մարտավարությունը, որպեսզի բյուզանդացիներին գցեն թակարդի մեջ և վերջիններիս առաջին գծի ուժերը ոչնչացվեցին մի քանի րոպեի ընթացքում։ Սակայն պարսիկները չէին փակել կամուրջը, և Հերակլիոսը հարձակվեց այդ ուղղությամբ իր հիմնական ուժերով։ Այս քայլը փոխեց ուժերի հարաբերակցությունը հօգուտ Հերակլիոսի[85]։ Բյուզանդացիներին հաջողվեց կատարել անվտանգ նահաջ և նրանք ձմեռեցին Տրապիզոնում[85]։
Պատերազմի գագաթնակետը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստանդնուպոլսի պաշարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսրովը հասկացավ, որ հաղթանակի համար անհրաժեշտ է հաջող հակահարձակում և կազմեց երկու նոր բանակ[85]։ Շահինին տրվեց 50,000 զինվոր և հրաման մնալու Միջագետքում ու Հայաստանում։ Նրա հիմանական նպատակը Հերակլիոսի դեպի Պարսկաստան արշավանքի կանխումն էր։ Շահրբարազին տրվեց ավելի փոքր բանակ և նա ուղարկվեց Քաղկեդոն։ Խոսրովը կապ հաստատեց ավարների հետ, որպեսզի երկու պետությունների բանակները միասնական հարձակում սկսեն Կոստանդնուպոլսի վրա[82]։ Պարսիկները դիրքացորվեցին ասիական ափում, իսկ ավարները՝ եվրոպական։ Վերջիններս կործանեցին մայրաքաղաքի ջրի գլխավոր աղբյուր Վալենսի աքվեդուկը[86]։ Սակայն բյուզանդական հզոր նավատորմի առկայությունը խանգարեց պարսիկներին զորք ուղարկել մյուս ափ և աջակցել իրենց դաշնակից ավարներին[87][88]։ Այս բավական իջեցրեց քաղաքի պաշարման արդյունավետությունը, քանի որ պարսիկները մասնագիտացած էին պաշարման արվեստում[89]։
Մայրաքաղաքի պաշտպանությունը հիմնականում ղեկավարվում էր պատրիարքի կողմից[90]։ Իմանալով այս մասին Հերակլիոսը կիսեց բանակիը 3 մասի. առաջին, փոքր մասը ուղարկվեց Կոստանդնուպոլիս հիմնականում բարձրացնելու ռազմական ոգին[90], երկրորդը ուղարկվեց ընդդեմ Շահինի, իսկ երրորդ և ամենափոքր ջոկատն անձամբ տարավ Պարսկաստան ասպատակություններ կատարելու[85]։
626 թվականի հունիս 29-ին պաշարումը սկսվեց։ Քաղաքի պաշտպանները կազմված էին 12,000 լավ զինված բյուզանդացի հեծելազորից։ Նրանց դեմ դուրս էին եկել 80,000 ավար և սլավոն[85]։ Չնայած շուրջ մեկ ամիս տևած պաշարման, ի շնորհիվ պատրիարքի և քաղաքի պատերի երկայքնով Մարիամ Աստվածածնի սրբապտակերի անցկացման արարողությունների, բյուզանդացիների ռազմական ոգին բարձր էր[91][92]։
Օգոստոսի 7-ին պարսկական նավատորմը շրջապատվեց և ոչնչացվեց բյուզանդականի կողմից։ Ավարները հարձակվում էին պատերի վրա, իսկ սլավոնները փորձում էին ծովով հարձակում գործել Ոսկե Եղջյուրի ծովային պարիսպների վրա։ Քաղաքը պաշտպանված էր մի քանի շերտանի, բարձր պատերով, և ավարների բոլոր փորձերը ճեղքելու դրանք ձախողվեցին, իսկ սլավոնների նավակները՝ ոչնչացվեցին[93]։ Բյուզանդական զորաջոկատը, որն ուղարկված էր Շահինի դեմ, հաղթեց նրան. ըստ աղբյուրների Շահինը սպանվեց կռիվների ժամանակ։ Երկու օր անց ավարները նահանջեցին։ Չնայած պարսկական բանակը դեռևս Քաղկեդոնում էր, մայրաքաղաքն արդեն վտանգված չէր[90][91]։
Պակաս կարևոր չէր այն փաստը, որ Հերակլիոսը Շահրբարազին ուղարկել էր իր զինվորների կողմից գտնված Խոսրովի նամակները, որում հրամայվում էր մահապատժի ենթարկել նրան։ Այս դրդեց Շահրբարազին անցնել չեզոքության և շարժվել հյուսիսային Սիրիա, որտեղ նա կարող էր որոշել թե ում օգնել[94]։
Այս ամենի արդյունքն այն էր, որ Հերակլիոսն ապահովեց թիկունքը, իսկ Խոսրովը կորցրեց իր ամենփորձառու զորավարին և լավագույն ուժերը[95]։
Բյուզանդա-թյուրքական դաշինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստանդնուպոլսի պաշարման ժամանակ Հերակլիոսը դաշինք կնքեց հյուսիսային Կովկասում բնակվող գյոկթյուրքերի հետ[96]։ Դեռևս 568 թվականին թյուրքերը կապ էին հաստատել Բյուզանդական կայսրության հետ, քանի որ ունեին լարված հարաբերություններ Սասանյան Պարսկաստանի հետ[97]։
Հերակլիոսի դրդմամբ 626 թվականին թյուրքերը ուղարկեցին 40,000 հոգի ասպատակելու Պարսկաստանի իշխանության տակ գտնվող կովկասյան տարածքները[85]։ Վերջիններս միացան բյուզանդացիներին և պաշարեցին Թիֆլիսը[98]։ Չնայած Խոսրովը Թիֆլիս ուղարկեց Շահրապալականի գլխավորությամբ 1,000 հեծյալի[99], 628 թվականին քաղաքն ընկավ[100]։ Պաշարման ընթացքում Հերակլիոսը շարժվեց վերին Տիգրիս[90]։
Նինվեի ճակատամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]627 թվականի սեպտեմբերի կեսերին Հերակլիոսը ձմեռային արշավանքի շրջանակներում ներխուժեց Պարսկաստան։ Ըստ որոշ պատմաբանների Հերակլիոսը մարտավարությունը նահանջեուլ 624-626 թվակակնների ձմեռներին և հարձակվել Տիզբոնի վրա 627 թվականին տալիս էր նրան մեծ առավելություն. պարիսկները, կարծելով, որ նա ձմռանը դարձյալ կնահանջի, ետ չէին կանչում սահմանային ուժերը[101]։ Հերակլիոսն ուների 25,000 - 50,000 բյուզանդական զորք և 40,000 թյուրքեր, ովքեր սակայն նահանջեցին, քանի որ հալածվում էին պարսիկների կողմից և անծանոթ էին այսպիսի ձմեռային պայմաններին[102][103]։ Հերակլիոսի արագ առաջխաղացմանը խանգարեց հայազգի Ռահզադհի գլխավորած բանակը, որը սակայն ուներ պարեն հայթայթելու դժվարություն, քանի որ այն հիմնականում գտնվում էր բյուզանդացիների հսկողության տակ[103][104][105]։
Տարվա վերջում Հերալիոսը Նինվեի փլատակների մոտ հարձակվեց օգնական ուժերի սպասող Ռահզադհի վրա[106]։ Մարտը տեղի ունեցավ մշուշի պայմաններում, որը բավական իջեցրեց պարսիկ նետաձիգների արդյունավետությունը։ Հերակլիոսը ձևացրեց թե նահանջում է և, ուղղորդելով պարսիկներին հովիտ, շրջվեց և հարձակվեց նրանց վրա[107]։ 8 ժամյա կռիվներից հետո պարսիկները կանոնավոր նահանջեցին ավելի բարձրադիր գոտի[91][108]։ Մարտում սպանվեց մոտ 6,000 պարսիկ զինվոր[109]։ Ըստ որոշ աղբյուրների, Հերակլիոսին անհատական մարտի կանչեց զորավար Ռահզադհը, ում կայսրը միայնակ հաղթեց և սպանեց, սակայն այս տվյալի իսկությունը կասկածելի է[91][110]։
Պատերազմի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլևս չունենալով որևէ խոչընդոտ, Հերակլիոսը թալանեց Խոսրովի ամառանոց Դաստակերտը և ետ վերցրեց 300 կորցրած բյուզանդական ռազմական դրոշ[111]։ Խոսրովն արդեն փախել էր Տիզբոնի մոտակա լեռները և փորձում էի նոր զորք հավաքել մայրաքաղաքի պաշտպանության համար[90][91]։ Այնուհետև Հերակլիոսը Խոսրովին վերջնագիր ներկայացրեց, չնայած որ նա չէր կարող հարձակվել Տիզբոնի վրա, քանի որ մոտակա ջրանցքի կամուրջը փլվել էր և կայսրը չէր ցանկանում կտրել-անցնել ջրանցքը[111][112][113]։
Այս պարտությունների հետևանքով պարսկական բանակը գահազրկեց Խոսրով II-ին և գահ բարձրացրեց նրա որդուն՝ Կավադ II-ին։ 5 օր բանտում անցկացնելուց հետո, Խոսրովը նետահարվեց և սպանվեց[114]։ Կավադին միանգամից Հերակլիոսից խնդրեց հաշտություն կնքել։ Կայսրը ծանր պայմաններ չառաջադրեց, հասկանալով, որ իս սեփական կայսրությունը ևս քայքայված է։ Ըստ հաշտության պայմանագրի բյուզադացիները ետ էին ստանում բոլոր կորցրած տարածքները, գերի ընկած զինվորներին, ռազմատուգանք և ամենակարևորը նրանց համար բոլոր մասունքները, այդ թվում խաչափայտը[114][115][116]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճաժամկետ հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիսներ հետո Հերակլիոսը հաղթանակած մուտք գործեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիս[117]։ Տեղի ունեցավ խաչափայտի վերադարձման արարողություն, այն տեղադրվեց Սուրբ Սոֆիայի տաճարում և այս շատերին նշան էր, որ կայսրության համար նոր ոսկե դարաշրջան է սկսվելու[114][118]։
Պատերազմում տոնած հաղթնակաները դարձրեցին Հերակլիոսին պատմության մեջ լավագույն զորավարներից մեկը։ Եթե Հերակլիոսը մահանար այս ժամանակ, նա կդառնար ըստ Նորման Դևիեսի «Հուլիոս Կեսարից սկսած մեծագույն հռոմեացի հրամանատարը», ով տարավ հռոմեական զորքերը այնպիսի տեղեր, ուր ոչ մի հռոմեական բանակ չէր եղել[64][64][115]։ Սակայն նա շարունակեց գահակալել և տեսավ, թե ինչպես են այդքան դժվարությամբ ետ բերված հողերն ընկնում մուսուլման արաբների ձեռքը։ Ըստ պատմաբան Ջոն Նորվիքի Հերակլիոսն ապրեց «չափից դուրս երկար»[119]։
Պատերազմից հետո Սասանյաններին երկար ժամանակ չէր հաջողվում ստեղծել կայուն կառավարություն։ Մի քանի ամիս կառավարած Կավադի մահից հետո Պարսկաստանում չէին դադարում քաղաքացիական պատերազմները։ Միայն 632 թվականին, երբ գահ բարձրացավ Խոսրովի թոռ Հազկերտ III-ը, վերականգվեց խաղաղությունը, սակայն արդեն շատ ուշ էր փրկել Սասանյան Պարսկաստանը[120][121]։
Երկարաժամկետ հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]602–628 թվականների կործանիչ պատերազմը դարավոր հռոմեա-պարսկական հակամարտության գագաթնակետն էր։ Այն քայքայեց երկու կայրսություններն էլ։ Սասանյաններն նաև թուլացան քայքայված տնտեսության, կրոնական խռովությունների և տեղային հողատերերի հզորացման պատճառով[122]։ Ըստ Հովարդ Ջոնսթոնի «Հերակլիոսի հաղթանակները... փրկեցին քրիստոնեության հիմնական հենակետը Մերձավոր Արևելքում»[123]։
Սակայն Բյուզանդական կայսրությունը ևս ծանր վիճակում էր գտնվում. օրինակ Բալկանները գտնվում էին սլավոնների ձեռքում[124]։ Դրան գումարած Փոքր Ասիան բազմիցս ենթարկվել էր պարսկական ասպատակությունների, իսկ մյուս տարածքների նկատմամբ իշխանությունը, տասնամյակներ տևած պարսկական տիրապետությունից հետո, դեևս թույլ էր[125]։ Տնտեսական ծանր պայմաններում բյուզանդացիները ստիպված կրճատեցին վետերան զինվորների աշխատավարձը և անկարող գտնվեցին կազմակերպելու նոր զորահավաք[124][126][127]։ Ըստ Կլայ Ֆոսսի «այս պատերազմը Փոքր Ասիայում անտիկ դարաշրջանի ավարտի առաջին փուլն էր»[128]։
Երկու կայսրություններն էլ շուտով դեմ առ դեմ դուրս եկան արաբական վտանգի առաջ[129]։ 602-28 թվականների պատերազմը ճանապարհ բացեց իսլամի առջև։ Սասանյան Պարսկաստանը կործանվեց, իսկ Բյուզանդական կայսրությունը կորցրեց տարածքի գրթեթ կեսից ավելին՝ Հայաստանը, Սիրիան, Եգիպտոսն ու հյուսիսային Աֆրիկան։ Այս կորուստների հետևանքով կայսրության կազմում մնաց ընդամենը Փոքր Ասիան, մի շարք կղզիներ և փոքր տիրույթներ Իտալիայում և Բալկաններում[125]։ Սակայն ի տարբերություն պարսիկների, բյուզանդացիները դիմացան արաբական հարձակումներին և հաջողությամբ ետ մղեցին Կոստանդնուպոլսի երկու արաբական պաշարումները[123][130]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Norwich 1997, էջ. 87
- ↑ Oman 1893, էջ. 151
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 174
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 175
- ↑ Oman 1893, էջ. 152
- ↑ Norwich 1997, էջ. 86
- ↑ Oman 1893, էջ. 149
- ↑ Treadgold 1998, էջ. 205
- ↑ Treadgold 1998, էջեր. 205–206
- ↑ Luttwak 2009, էջ. 401
- ↑ 11,0 11,1 11,2 Treadgold 1997, էջ. 235
- ↑ Oman 1893, էջ. 153
- ↑ Oman 1893, էջ. 154
- ↑ Ostrogorsky 1969, էջ. 83
- ↑ Norwich 1997, էջ. 88
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջեր. 183–184
- ↑ 17,0 17,1 Oman 1893, էջ. 155
- ↑ Foss 1975, էջ. 722
- ↑ 19,0 19,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 184
- ↑ 20,0 20,1 20,2 Kaegi 2003, էջ. 39
- ↑ 21,0 21,1 Kaegi 2003, էջ. 37
- ↑ Kaegi 2003, էջ. 41
- ↑ 23,0 23,1 23,2 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 187
- ↑ Kaegi 2003, էջ. 55
- ↑ 25,0 25,1 Oman 1893, էջ. 156
- ↑ 26,0 26,1 Kaegi 2003, էջ. 53
- ↑ Kaegi 2003, էջ. 87
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu2002, էջ. 194
- ↑ Martindale, Jones & Morris 1992, էջ. 942
- ↑ Kaegi 2003, էջ. 49
- ↑ 31,0 31,1 Norwich 1997, էջ. 90
- ↑ Kaegi 2003, էջ. 52
- ↑ Kaegi 2003, էջ. 54
- ↑ Kaegi 2003, էջ. 60
- ↑ Kaegi 2003, էջ. 63
- ↑ Kaegi 2003, էջ. 64
- ↑ 37,0 37,1 37,2 Kaegi 2003, էջ. 65
- ↑ 38,0 38,1 38,2 Kaegi 2003, էջ. 67
- ↑ 39,0 39,1 39,2 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 186
- ↑ Brown, Churchill & Jeffrey 2002, էջ. 176
- ↑ Kaegi 2003, էջեր. 67–68
- ↑ 42,0 42,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 185
- ↑ Kaegi 2003, էջ. 68
- ↑ 44,0 44,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 188
- ↑ Kaegi 2003, էջ. 69
- ↑ Kaegi 2003, էջ. 71
- ↑ Kaegi 2003, էջ. 74
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 Kaegi 2003, էջ. 77
- ↑ 49,0 49,1 Kaegi 2003, էջ. 78
- ↑ Ostrogorsky 1969, էջ. 95
- ↑ Kaegi 2003, էջ. 80
- ↑ 52,0 52,1 Oman 1893, էջ. 206
- ↑ Fouracre 2006, էջ. 296
- ↑ Kaegi 2003, էջ. 91
- ↑ 55,0 55,1 Kaegi 2003, էջ. 88
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 56,4 Oman 1893, էջ. 207
- ↑ Kaegi 2003, էջ. 84
- ↑ Kaegi 2003, էջ. 85
- ↑ Foss 1975, էջ. 725
- ↑ Kaegi 2003, էջ. 111
- ↑ Kaegi 2003, էջ. 90
- ↑ 62,0 62,1 62,2 62,3 62,4 62,5 Norwich 1997, էջ. 91
- ↑ Kaegi 2003, էջ. 110
- ↑ 64,0 64,1 64,2 Դեվիս 1998, էջ. 245
- ↑ Kaegi 2003, էջ. 112
- ↑ 66,0 66,1 Kaegi 2003, էջ. 115
- ↑ Kaegi 2003, էջ. 114
- ↑ Kaegi 2003, էջ. 116
- ↑ Ostrogorsky 1969, էջ. 93
- ↑ Ostrogorsky 1969, էջ. 94
- ↑ Kaegi 2003, էջ. 118
- ↑ 72,0 72,1 Oman 1893, էջ. 208
- ↑ Kaegi 2003, էջ. 119
- ↑ Kaegi 2003, էջ. 120
- ↑ Kaegi 2003, էջ. 122
- ↑ 76,0 76,1 Kaegi 2003, էջ. 125
- ↑ 77,0 77,1 Kaegi 2003, էջ. 127
- ↑ Kaegi 2003, էջ. 128
- ↑ 79,0 79,1 79,2 Kaegi 2003, էջ. 129
- ↑ 80,0 80,1 80,2 80,3 Kaegi 2003, էջ. 130
- ↑ 81,0 81,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 204
- ↑ 82,0 82,1 Oman 1893, էջ. 210
- ↑ Kaegi 2003, էջ. 131
- ↑ Kaegi 2003, էջ. 132
- ↑ 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 Norwich 1997, էջ. 92
- ↑ Treadgold 1997, էջ. 297
- ↑ Kaegi 2003, էջ. 133
- ↑ Kaegi 2003, էջ. 140
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջեր. 179–181
- ↑ 90,0 90,1 90,2 90,3 90,4 Oman 1893, էջ. 211
- ↑ 91,0 91,1 91,2 91,3 91,4 Norwich 1997, էջ. 93
- ↑ Kaegi 2003, էջ. 136
- ↑ Kaegi 2003, էջ. 137
- ↑ Kaegi 2003, էջ. 148
- ↑ Kaegi 2003, էջ. 151
- ↑ Kaegi 2003, էջ. 143
- ↑ Khanam 2005, էջ. 782
- ↑ Dennis 1998, էջ. 104
- ↑ Kaegi 2003, էջ. 144
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 212
- ↑ Luttwak 2009, էջեր. 408
- ↑ Kaegi 2003, էջեր. 158–159
- ↑ 103,0 103,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 213
- ↑ Kaegi 2003, էջ. 159
- ↑ Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 215
- ↑ Kaegi 2003, էջ. 160
- ↑ Kaegi 2003, էջ. 161
- ↑ Kaegi 2003, էջ. 163
- ↑ Kaegi 2003, էջ. 169
- ↑ Kaegi 2003, էջ. 167
- ↑ 111,0 111,1 Kaegi 2003, էջ. 173
- ↑ Kaegi 2003, էջ. 172
- ↑ Kaegi 2003, էջ. 174
- ↑ 114,0 114,1 114,2 Norwich 1997, էջ. 94
- ↑ 115,0 115,1 Oman 1893, էջ. 212
- ↑ Kaegi 2003, էջեր. 178, 189–190
- ↑ Kaegi 2003, էջեր. 185–186
- ↑ Bury 2008, էջ. 245
- ↑ Norwich 1997, էջ. 97
- ↑ Kaegi 2003, էջ. 227
- ↑ Beckwith 2009, էջ. 121
- ↑ Howard-Johnston 2006, էջ. 291
- ↑ 123,0 123,1 Howard-Johnston 2006, էջ. 9
- ↑ 124,0 124,1 Haldon 1997, էջեր. 43–45, 66, 71, 114–115
- ↑ 125,0 125,1 Haldon 1997, էջեր. 49–50
- ↑ Kaegi 1995, էջեր. 39
- ↑ Kaegi 1995, էջեր. 43–44
- ↑ Foss 1975, էջ. 747
- ↑ Foss 1975, էջեր. 746–747
- ↑ Haldon 1997, էջեր. 61–62
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեքուիթ, Քրիստոֆեր (2009), Empires of the Silk Road: a history of Central Eurasia from the Bronze Age to the present, Princeton University Press, ISBN 0-691-13589-4.
- Բյուրի, Ջ. Բ. (2008), History of the Later Roman Empire from Arcadius to Irene, Volume 2, Cosimo, Inc., ISBN 1-60520-405-6.
- Բրաուն, Ֆիլիս Ռագ; Չերչիլ, Լորի Ջ.; Ջեֆրի, Ջայն Ի. (2002), Women Writing Latin: Women writing in Latin in Roman antiquity, late antiquity, and early modern Christian era, Taylor & Francis US, ISBN 0-415-94183-0.
- Քրիսոստոմիդես, Ջ.; Դենդրինոս, Չարալամբոս; Հերին, Ջյուդիթ (2003), Պորֆիրոգենիտա, Ashgate Publishing, ISBN 0-7546-3696-8.
- Դեյվիս, Նորման (1998), Europe: a history, HarperCollins, ISBN 0-06-097468-0.
- Դենիս, Ջորջ Թ. (1998), «Byzantine Heavy Artillery: the Helepolis» (PDF), Greek, Roman and Byzantine Studies, Duke University, 39: 99–115, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-01-11-ին, Վերցված է 2015-09-27-ին.
- Դոուջեն, Միքայել Հ.; Գրետրիքս, Ջեֆրի; Լյու, Սամուել Կ. (2002), The Roman Eastern Frontier and the Persian Wars (Part II, 363-630 AD), Routledge, ISBN 0-415-00342-3.
- Էկոնոմու, Էնդրյու Ջ․ (2008), Byzantine Rome and the Greek Popes: Eastern Influences on Rome and the Papacy from Gregory the Great to Zacharias, A.d. 590-752, Parts 590-752, Lexington Books, ISBN 0-7391-1978-8.
- Ֆառուխ, Կավեհ (2005), Sassanian elite cavalry AD 224-642, Osprey Publishing, ISBN 1-84176-713-1.(չաշխատող հղում)
- Ֆառուխ, Կավեհ (2007), Shadows in the desert : ancient Persia at war, Osprey Publishing, ISBN 1-84603-108-7.(չաշխատող հղում)
- Ֆոս, Կլայվ (1975), «The Persians in Asia Minor and the End of Antiquity», The English Historical Review, Oxford University Press, 90: 721–47, doi:10.1093/ehr/XC.CCCLVII.721.
- Ֆուրակր, Պաուլ (2006), The New Cambridge Medieval History: c. 500-c. 700, Cambridge University Press, ISBN 0-521-36291-1.
- Գաբրիել, Ռիչարդ (2002), The great armies of antiquity, Greenwood Publishing Group, ISBN 0-275-97809-5.
- Գամբերո, Լուիջի (1999), Mary and the fathers of the church: the Blessed Virgin Mary in patristic thought, Ignatius Press, ISBN 0-89870-686-6.
- Հալդոն, Ջոհն (1997) [1990], Byzantium in the Seventh Century: the Transformation of a Culture, Cambridge University Press, ISBN 0-521-31917-X.
- Հովարդ-Ջոնսթոն, Ջեյմս (2006), East Rome, Sasanian Persia And the End of Antiquity: Historiographical And Historical Studies, Ashgate Publishing, ISBN 0-86078-992-6.
- Կայեգի, Ուոլթեր Էմիլ (1995) [1992], Byzantium and the early Islamic conquests, Cambridge University Press, ISBN 0-521-48455-3.
- Կայեգի, Ուոլթեր Էմիլ (2003), Heraclius: Emperor of Byzantium, Cambridge University Press, ISBN 0-521-81459-6.
- Կիմբալ, Վիրջինիա Մ․ (2010), Liturgical Illuminations: Discovering Received Tradition in the Eastern Orthros of Feasts of the Theotokos, AuthorHouse, ISBN 1-4490-7212-7.
- Լիսկա, Ջեորջ (1998), «Projection contra Prediction: Alternative Futures and Options», Expanding Realism: The Historical Dimension of World Politics, Rowman & Littlefield, ISBN 0-8476-8680-9.
- Լյութվորկ, Էդվարդ (2009), The grand strategy of the Byzantine Empire, Harvard University Press, ISBN 0-674-03519-4.
- Մարտինդալ, Ջոհն Ռ․; Ջոնս, Ա. Հ․ Մ․; Մորիս, Ջոհն (1992), The Prosopography of the Later Roman Empire - Volume III, AD 527–641, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8.(չաշխատող հղում)
- Նորվիչ, Ջոհն Ջուլիուս (1997), A Short History of Byzantium, Vintage Books, ISBN 0-679-77269-3.
- Օման, Չարլզ (1893), Europe, 476-918, Volume 1, Macmillan.
- Օստրոգորսկի, Ջորջ (1969), History of the Byzantine State, Rutgers University Press, ISBN 978-0-8135-1198-6.
- Ռայնինկ, Բերնարդ Հ․; Ստոլտ, Ջեֆրի; Գրյոնինգեն, Ռիյկսունիվերսիտայտ տե (2002), The Roman Eastern Frontier and the Persian Wars (Part II, 363-630 AD), Peeters Publishers, ISBN 90-429-1228-6.
- Ռունկիման, Սթիվեն (2005), The First Crusade, Cambridge University Press, ISBN 0-521-61148-2.
- Թրեդգոլդ, Ուորեն Թ․ (1997), A History of the Byzantine State and Society, Stanford University Press, ISBN 0-8047-2630-2.
- Թրեդգոլդ, Ուորեն Թ․ (1998), Byzantium and Its Army, 284-1081, Stanford University Press, ISBN 0-8047-3163-2.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |